«Չելսի» ֆուտբոլային ակումբ (անգլերեն՝ Chelsea Football Club) — պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է Լոնդոնի արևմուտքից, որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում: Ակումբը հիմնադրվել է 1905 թ-ի մարտի 10-ին և իր պատմության մեծ մասը անց է կացրել Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում:
Ակումբի առաջին խոշոր հաջողությունը 1954-55 մրցաշրջանն էր, երբ նրանք հաղթեցին իրենց առաջին առաջնությունը: «Չելսին» հաղթել է մի քանի առաջնություններում 1960-ական և 1970-ականներին, սակայն դրանից հետո խոշոր հաղթանակներ չի ունեցել, մինչև 1997 թ.: Վերջին տասնամյակը եղել է «Չելսիի» ամենահաջողակ շրջանը նրա պատմության մեջ, որը երբեմն անվանում են Աբրամովիչի դարաշրջան: Այս տասնամյակում Չելսին հաղթել է Պրեմիեր լիգայի 2005, 2006 և 2010 մրցաշրջանները, և առաջին անգամ հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ սակայն տասնմեկ մետրանոցներով պարտություն են կրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:
Չնայած իրենց անվանը, ակումբը Լոնդոնի Չելսի թաղամասից չէ, այլ նրան հարևան Ֆուլհեմ թաղամասից: Ակումբի մարզադաշտն է «Սթեմֆորդ Բրիջը», որը կարող է տեղավորել մինչև 42.000 հանդիսական:
Չելսիի համազգեստի գույներն են` արքայական կապույտ վերնաշապիկ ու շորտեր, սպիտակ գուլպաներ: Այս համադրությունն օգտագործվում է սկսած 1960 թ-ից: Ակումբի լոգոն փոփոխվել է մի քանի անգամ, որպեսզի ավելի արդիական լինի, իսկ ընթացիկ լոգոն, որի վրա պատկերված է առյուծ` ձեռքը գավազան, ընդունվել է 1950-ականներին: Ակումբը` մարզադաշտ այցելուների միջին թվաքանակով, ունի հինգերորոդ ցուցանիշը անգլիական ֆուտբոլում:
Պատմություն
Չելսիի առաջին թիմը, 1905թ-ի սեպտեմբերին
«Չելսին» հիմնադրվել է 1905թ, Մարտի 10-ին , Ծագող Արևի պանդոկում : Առաջին տարիներին ակումբն ունեցել է մի քանի փոքր հաջողություններ, և հաղթանակին ամենամոտն են եղել 1915 թ. Գավաթի եզրափակիչում, որտեղ սակայն նրանք պարտություն կրեցին «Շեֆիլդ Յունայթեդ»-ից: «Չելսի» մեծ համբավ ձեռք բերեց գնելով հայտնի խաղացողներ:
Երբ նախկին «Արսենալի» և Անգլիայի կենտրոնական հարձակվող Թեդ Դրեյքը դարձավ ակումբի մարզիչ` 1952-ին, նա փորձեց արդիականացնել ակումբը: Նա հանեց ակումբի լոգոից Չելսիի թոշակառուների լոգոն, բարելավվեց երիտասարդների ռեժիմը, վերակառուցեց մարզադաշտը և տարավ «Չելսի»-ին դեպի իրենց առաջին խոշոր հաջողությանը` 1954-55 Գավաթի խաղարկության չեմպիոնությանը:
1964-65 թ-ի մրցաշրջանում նրանք մոտ էին հետ-տրիկ անելու և հաղթելու երեք գավաթներ, սակայն հաջողությունն ուղեկցեց միայն Լիգայի խաղարկությունում, պարտվելով մյուս երկուսում: Հետագայում նրանք հաղթեցին 1970 Գավաթի խաղարկությունը` հաղթելով «Լիդս Յունայթեդ»-ին 2-1 հաշվով, իսկ մյուս սեզոնում նրանք հաղթեցին ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթը:
Չելսիի տեղերը Անգլիայի առաջնությունում, 1905-1906 թ-ից մինչև 2007-08 թ.
1970-ականների վերջը և 1980-ականների սկիզբն անհանգիստ ժամանակներ էին ակումբի համար, ամբիցիոզ փոփոխությունները խարխլեցին ակումբի ֆինանսական վիճակը, և շատ հայտնի խաղացողներ հեռացան ակումբից: Հետագայում խնդիրներ են առաջանում երկրպագուների շրջանում խուլիգանական տարրի առկայությամբ: 1982 թ-ին ակումբը, մեկ ֆունտ ստերլինգով վաճառվում է Քեն Բեյթսին, սակայն «Սթեմֆորդ Բրիջը» վաճառվել էր մի այլ ընկերությանը, նշանակում էր, որ ակումբը կարող է կորցնել իր մարզադաշտը: Շուտով ակումբը կարող էր հայտնվել Երրորդ Դիվիզիոնում, սակայն նոր մարզիչ Ջոն Նիլը կարճ ժամանակամիջոցում և չնչին ծախսերով հավաքեց մի նոր, տաղանդավոր թիմ, և 1984 թ. տարավ նրանց Երկրորդ Դիվիզիոնը հաղթելուն: Ակումբն անմիջապես վերադարձավ Բարձրագույն Առաջնություն, սակայն 1988թ. նորից հայտնվեց Երկրորդ Դիվիզիոնում, որտեղ 1989 թ. դարձյալ հաղթելով, վերադարձավ Բարձրագույն Առաջնություն: Շուտով, մարզադաշտի սեփականատեր բանկի աղքատացումից հետո, ակումբը հետ գնեց մարզադաշտը:
Պրեմիեր Լիգայի ձևավորումից հետո ակումբը լուրջ հաջողությունների չհասավ մինչև 1996 թ., երբ մարզիչ նշանակվեց Եվրոպայի տարվա խաղացող Ռուդ Գուլիտը, ով գնեց մի շարք բարձրակարգ խաղացողների և ակումբը հաղթեց 1997 թ. Գավաթի խաղարկությունը, նորից դառնալով Անգլիայի թոփ-թիմերից մեկը: Շուտով Ռուդ Գուլիտը փոխարինվեց Ջանլուկա Վիալիով, ով թիմը տարավ դեպի 1998 Գավաթի խաղարկության եզրափակիչ և 1998 թ. ՈւԵՖԱ Գավաթակիրների Գավաթի խաղարկության եզրափակիչ և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ 2000 թվականին: Վիալլին փոխարինվեց մեկ այլ իտալացի մարզիչով` Կլաուդիո Ռանիերիով, ով տարավ Չելսիին 2002 թ. Գավաթի եզրափակիչ և 2002-03 Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման փուլ :
Ժոզե Մոուրինյոն` ամենահաջողակ մարզիչը Չելսիի պատմության մեջ.
2003 թվականի Հունիսին, Բեյթսը վաճառեց «Չելսին» ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին` 140 միլլիոն ֆունտ ստերլինգով, ով ծախսեց 100 միլլոն ֆունտ ստերլինգ նոր խաղացողներ գնելու համար, սակայն Ռանիերին չկարողացավ նվաճել նոր մրցանակներ և փոխարինվեց պորտուգալիացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյով: Նրա շնորհիվ «Չելսին» դարձավ հինգերորդ Անգլիական թիմը, երկու անընդմեջ սեզոններում հաղթանակ տոնեց (2004-05, 2005 - 06 սեզոնները), ինչպես նաև Անգլիայի գավաթը (2007) և երկու Լիգայի խաղարկություններ (2005 և 2007): Աբրամովիչի հետ տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով 2007-ի Սեպտեմբերին Մոուրինյոն փոխարինվեց Աբրահամ Գրանտով, ով տարավ ակումբը դեպի իրենց առաջին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որում նրանք պարտվեցին տասնմեկ մետրանոցներով «Մանչեսթեր Յունայթեդին»: Գրանտը ազատվեց մի քանի օր անց, և փոխարինվեց Լուիս Ֆելիպե Սկոլարիով:
Սկոլարին մնաց ղեկին յոթ ամիս և ազատվեց աշխատանքից ակումբի վատ արդյունքների պատճառով: Նոր Ռուսաստանի Ֆուտբոլի Ազգային Հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը նշանակվեց մարզիչ մինչև 2008-09 թթ. սեզոնի վերջ: Նա հասցրեց թիմը երկրորդ` 2009 թ. Գավաթի եզրափակիչ: Երկու օր անց նախկին «Միլանի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին հաստատվեց «Չելսիի» նոր մարզիչ, և հենց առաջին տարում թիմը նվաճեց Անգլիայի Գավաթը և Անգլիայի Պրեմիեր Լիգան: Այդ սեզոնում «Չելսին» դարձավ անգլիական առաջին թիմը, որը խփեց 100 գոլից ավելի մեկ սեզոնում, սկսած 1963 թվականից: Հաջորդ սեզոնի նախօրեին «Չելսիից» հեռացան մի շարք աստղեր: «Չելսին» սեզոնը սկսեց բավական հաջող, սակայն արդեն միջնամասում սկսեց կրել մի շարք պարտություններ և նույնիսկ մի պահ ընկավ չորրորդ հորիզոնականը: Սակայն Դրոգբայի մալարիայից ապաքինվելուց և մարզավիճակ ձեռք բերելուց հետո, «Չելսին» տարավ մեծ թվով հաղթանակներ և նաև հաղթեց, «Մանչեթեր Յունայթեդին» 2:1 հաշվով: «Չելսին» կարողացավ միավորների տարբերությունն առաջին տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից» կրճատել մինչև երեք միավորի: Սակայն այսպես կոչված «Ոսկե Խաղում», «Չելսին» պարտվեց , «Մանչեսթեր Յունայթեդին» 1:2 հաշվով և կորցրեց չեմպիոն դառնալու հնարավորությունները: Չելսին նաև հասավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, որտեղ երկու խաղերում էլ պարտվեց, «Մանչեսթեր Յունայթեդին»: Իսկ սեզոնի վերջին` Էվերտոն-Չելսի խաղից եկու ժամ անց, որտեղ Չելսին պարտվեց 1:0 հաշվով, Կարլո Անչելոտին ազատվեց աշխատանքից: Դրանից հետո մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն Գուս Հիդինկն էր: Սակայն արդեն հունիսին լուրեր պտտվեցին այն մասին, որ նոր մարզիչ կարող էր նշանակվել Պորտո ՖԱ-ի 33-ամյա մարզիչ Անդրե Վիլլաշ Բոաշը, ով այդ մրցաշրջանում հաղթել էր Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը, գավաթն ու Եվրոպայի Լիգան: Նրա համար Պորտոն պահանջում էր 15.000.000 ֆունտ ստերլինգ, որ շուտով վճարեց Ռոման Աբրամովիչը: Հունիսի 22-ին, աշխատանքից հեռանալուց հետո, Վիլլաշ-Բոաշը նշանակվեց Չելսիի գլխավոր մարզիչ:
Սթեմֆորդ Բրիջ
Չելսին իր պատմություն մեջ ունեցել է ընդամենը մեկ մարզադաշտ` «Սթեմֆորդ Բրիջը», և այն օգտագործվել է սկսած ակումբի հիմնադրումից: Այն պաշտոնապես բացվել է 1877թ, Ապրիլի 28-ին: Նրա գոյության առաջին 28 տարիների ընթացքում օգտագործվել է բացառապես «Լոնդոն Աթլետիկս» ակումբի կողմից և միայն աթլետիկայի համար: 1904 թ. մարզադաշտը գնվեց գործարար Գաս Միրսի և նրա եղբայր Ժոզեֆ Միրսի կողմից, ով արդեն մոտակայքում գնել էր հողատարածք և ցանկանում էր այնտեղ անցկացնել ֆուտբոլային հանդիպումներ:
Մարզադաշտը նախագծված է Միրս ընտանիքի կողմից, իսկ կառուցված` ճարտարապետ Արչիբալդ Լեիչի կողմից: Նրանք առաջարկեցին վարձով տալ դաշտը «Ֆուլհեմ»-ին, բայց ձախողվեցին: Եվ Միրս ընտանիքը որոշեց հիմնել սեփական ֆուտբոլային ակումբը` Չելսին: Ակումբների մեծ մասի մարզադաշտերը հիմնվել են իրենց ստեղծումից հետո, սակայն Չելսին ստեղծվեց Ստեմֆորդ Բրիջի համար: Քանի որ Ֆուլհեմ անունով ակումբ գոյություն ուներ, և Կեսինգթոն, Ստեմֆորդ Բրիդջ և Լոնդոն անունները մերժվեցին, ակումբի անվանում ընտրվեց «Չելսին»:
Սկզբնապես Ստեմֆորդ Բրիջը նախատեսված էր տեղավորել մինչև 100,000 հանդիսական: Վաղ 1930-ական թթ. դաշտի հարավային մասը տանիքապատվեց և սկսեց կոչվել Շեդ Էնդ, որտեղ հավաքվում էին Չելսիի ամենահավատարիմ երկրպաագուները, հատկապես 1960-ական, 70-ական և 80-ական թթ.:
Ուշ 1960-ական և վաղ 70-ական թթ., ակումբի ղեկավարությունը որոշեց արդիականացնել Ստեմֆորդ Բրիդջը, դրանից հետո այն կընդուներ մինչև 50,000 հանդիսական: Վերանորոգումը սկսեց վաղ 1970-ական թթ. Իսթ Սթենդում, բայց աշխատանքը ձգձգվեց մինչև 1990-ական թթ. կեսերը: Հյուսիսային, հարավային և արևմտյան հատվածները տեղափոխվեցին դաշտին ավելի մոտ, և այս գործընթացը ավարտին հասցվեց 2001 թ.:
Իսթ-Սթենդը
Երբ «Սթեմֆորդ Բրիջը» Քեն Բեյթսի ժամանակաշրջանում վերանորոգվեց, շատ լրացուցիչ կառույցներ նույնպես ավելացվեցին մարզադաշտին, օրինակ` երկու հյուրանոց, ճաշարաններ, Չելսի հանրախանութը, այցելուների համար ստեղծված Չելսի Սպորտի Աշխարհ ցուցահանդեսը: Այս ամենը կատարվեց ավելի շատ հանդիսական ապահովելու համար, սակայն հաջողության չհասավ և 2003 թ. Չելսին գնվեց Աբրամովիչի կողմից: Շուտով որոշում ընդունվեց փակել Չելսի Գյուղ բրենդը, և ուշադրություն դարձնել Չելսիին, որպես ֆուտբոլային ակումբ:
Ներկայումս դաշտը պատկանում է «Չելսի Պիտչ Օուներզ» կազմակերպությանը, որի բաժնետերերը Չելսիի երկրպագուներն են: Կազմակերպությունը ստեղծվել է, որպեսզի դաշտը այլևս չվաճառվի գործարարներին: Ինչպես նաև, եթե Չելսին տեղափոխվի այլ դաշտ, այն այլևս չի կարողանա օգտագործել Չելսի անվանումը: Չելսիի մարզանքների դաշտը Կոբհեմ Սրեյն է: Չելսին այստեղ է հաստատվել 2004 թ., այն բանից հետո, երբ նրանց նախկին մարզումների դաշտը` «Հարլինգտոնը» գնվեց «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կողմից 2005 թ.: Նոր դաշտում հարմարանքների ստեղծումը ավարտվեց 2007 թ.:
Ակումբը որոշել է դաշտի տարողությունը մեծացնել մինչև 50,000: Այն բանի պատճառով, որ դաշտը գտնվում է մեծ մայրուղու վրա, իսկ դիմացը գտնվում են երկու երկաթուղիներ, հանդիսականները կարող են մուտք գործել միայն Ֆուլհեմ փողոցի մուտքով: Սթեմֆորդ Բրիջն օգտագործվել է այլ սպորտային միջոցառումների համար սկսած 1905 թ.: Այն ընդունել է Անգլիայի Գավաթի եզրափակիչը 1920-1922 թթ., ինչպես նաև տասը Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչներ (վերջինը 1978 թ.), և երեք Անգլիայի միջազգային հանդիպումներ, վերջինը 1932թ.: Իսկ 1905 թ. հոկտեմբերին այն ընդունեց ռեգբիի հանդիպում Օլ Բլաքսի և Միդլի միջև և 1914թ. բասկետբոլային հանդիպում «Նյու Յորք Հսկաների» և «Չիկագո Ուայթ Սոքսի» միջև հանդիպումը: Այստեղ նաև անցկացվել է բոքսային հանդիպում աշխարհի թեթևքաշային չեմպիոն Ջիմի Վայլդի և Ջո Կոննի միջև1918, Սթեմֆորդ Բրիջը ընդունել է կրիկետի առաջին միջազգային հանդիպումը, Էսսեքսի և Վեսթ Ինդիսի միջև 1980 թ.: Այն նաև եղել է տնային մարզադաշտը «Լոնդոն Մոնարխս» ամերիկյան ֆուտբոլի թիմի համար 1997 թ.: